Հռոմեական կաթոլիկ Սուրբ եկեղեցու Անդրկովկասյան վարչության Թբիլիսիի Սուրբ Պողոս-Պետրոս մայր տաճարում Հայ առաքելական ուղղափառ Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի հետ համատեղ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո: Քույր եկեղեցու բակում հավաքված հավատացյալները դիտել են նախամուտքում կազմակերպված Մեծ եղեռնի մասին պատմող լուսանկարների ցուցադրությունը: Բազմամարդ եկեղեցում հիշատակի երեկոն սկսվել է միասնական տերունական աղոթքով: Անդրկովկասի հռոմեական կաթոլիկ եկեղեցու առաքելական վարչության առաջնորդ գերաշնորհ տեր Ջուզեպպե արքեպիսկոպոս Պազոտտոն, ողջունելով ներկաներին, խոսել է օրվա խորհրդի մասին՝ հիշատակելով դարասկզբին հայ ժողովրդի, այնուհետև հրեա ազգի նկատմամբ իրականացված եղեռնագործությունը, դատապարտել է մարդկության դեմ ցեղասպանության ամեն դրսևորում: Կատարվել է հոգեհանգստյան կարգ և աղոթք է բարձրացվել Օսմանյան Թուրքիայի կողմից Արևմտյան Հայաստանում իրականացված ցեղասպանության նահատակների հոգիների խաղաղության համար:
Վրաստանի հայ մտավորականների միության նախագահ, պատմաբան Ենոք Թադևոսյանը հանդես է եկել Հայոց եղեռնի մասին ընդարձակ բանախոսությամբ: Իր ստեղծագործություններն է ընթերցել բանաստեղծուհի Մարինա Մոսեսովա-Կիրակոսյանը: Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն իր խոսքում կարևորել է, որ հայ ժողովուրդը Ցեղասպանության հետևանքով թեև հայրենազրկվեց, բայց ունեցավ նաև իր հերոսամարտերն ու հերոսները, ովքեր պայքարեցին ժողովրդի փրկության համար: Սրբազան Հայրը երախտիքի խոսքեր է ուղղել այն ժողովուրդներին և երկրներին, ովքեր կիսում են հայոց վիշտը, այն պետություններին ու ազգերին, ովքեր ընդունել ու ապաստանել են փրկված հայությանը: Թեմակալ առաջնորդը շնորհակալություն է հայտնել Անդրկովկասի հռոմեական կաթոլիկ Եկեղեցու առաջնորդին Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի երեկոն կազմակերպելու և հյուրընկալելու համար: Հիշատակի երեկոյին հնչել են հայերեն, իտալերեն և վրացերեն հոգևոր երգեր հռոմեական-կաթոլիկ և Վիրահայոց թեմի եկեղեցական երգչախմբերի կատարումներով: Նահատակների հիշատակի ոգեկոչման երեկոներ կանցկացվեն նաև մյուս քույր եկեղեցիներում: